Լրագրող Վաչիկ Գրիգորյանի գրառումը.

Ուսանողները չպետք է վարձերն ամբողջությամբ վճարեն: Հիմնավորումները՝ ստորև.

Հայաստանում գործող բուհերի բյուջեներն առավելապես գոյանում են ուսանողական վարձավճարներից մոտ (70-80 %): Դրանց հաշվին են վարձատրվում դասախոսները և բուհերի աշխատակիցները: Ուսանողներից գանձվող վարձավճարի չափը հիմնավորվում է նաև պայմանավորված կոմունալ վճարումներով՝ ջուր, գազ և էլեկտրաէներգիա:

Գամ վերջից. ակնհայտ է, որ արտակարգ դրության պայմաններում բուհը անհամեմատ, եթե կարելի է համեմատել, ավելի քիչ է օգտագործում լույս, գազ կամ ջուր: Հետևաբար՝ առնվազն մեկ ամսվա կտրվածքով պետք է հաշվարկվի և ուսանողների այս տարվա վարձավճարներից հանվի կոմունալ վճարումների համար նախատեսվող գումարը:

Ինչ վերաբերվում է դասախոսներին. բոլորս գիտենք, որ այս ընթացքում Հայաստանում կրթությունն իրականացվում է հեռավար՝ օնլայն, ռեժիմով: Եթե մի պահ պատկերացնենք, որ բոլոր ուսանողները, նախկինի համեմատ, համաչափ կրթություն են ստանում, անգամ այդ դեպքում կան անհերքելի իրողություններ առ այն, որ տարեց դասախոսները, ովքեր գերակշիռ մեծամասնություն են կազմում, հիմնականում չեն կարողանում օգտվել օնլայն հարթակներից, այսինքն հասկանալի պատճառով չեն կատարում իրենց պարտականությունները, որի համար ուսանողներն իրենց վճարում են:

Բացի այդ, եթե հանրակրթական դպրոցներում այսօր կան միասնական հեռավար ուսուցում ապահովող հարթակներ, ապա բուհերի դասախոսներին չի ուղորդվում՝ ինչ հարթակներով կազմակերպել օնլայն ուսուցումը, ինչը նշանակում է, որ գործ ունենք անչափելի գործունեության հետ: Չենք կարող պարզել՝ ներկա-բացակա անու՞մ են, թե՞ ոչ, թեմաներին՝ թույլատրելի՞, թե՞ անթույլատրելի մակերեսայնությամբ են անդրադառնում և այլն: Հետևաբար՝ ուսանողները չպետք է վճարեն մի դասախոսի, ում աշխատանքի արդյունավետությունը դէ ֆակտո հնարավոր չէ ապացուցել:

Միևնուն ժամանակ հասկանալի է, որ դասախոսները նույնպես հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում, և պետք է գոնե նվազագույն աշխատավարձի չափով վարձատրվեն: Բայց եթե նման որոշում լինի, ապա դա պետք է արտացոլվի նաև ուսանողական վարձավճարների վրա՝ նվազման տեսքով:

Հույս ունեմ՝ առաջիկայում կլինեն այս տարվա ուսանողական վարձավճարները մասամբ գանձելու վերաբերյալ հայտարարություններ: