Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ ավիացիոն թռիչքներ իրականացնելու համար հայկական ավիացիոն իշխանություններն աշխատում են Վրաստանի գործընկերների հետ՝ համատեղ ծրագիր ունենալու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Նա նշեց, որ ավիաընկերությունների համար հարմար չէ շաբաթական մեկ թռիչքի իրականացումը, այդ պատճառով հայկական և վրացական կողմերը փորձում են միացնել ջանքերը՝ ավելի մեծ ուղևորահոսք ապահովելու համար։ Ռևազյանը, սակայն, նաև տեղեկացրեց, թե որն է անհամաձայնության հիմնական պատճառը։ Ռևազյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է, որ թռիչքները լինեն Լոս Անջելեսի ուղղությամբ, որտեղ մեծ համայնք կա, իսկ վրացական կողմը նախընտրում է թռիչքները իրականացնել Նյու Յորքի ուղղությամբ։