Կան մարդիկ, ովքեր վստահաբար լինելով անազնիվ սեփական մղումներում, շատ ճարտար խոսում են և մի գուցե կարող են որոշ մարդկանց մոլորեցնել․ Սուրեն Գրիգորյան

ԱԺ պատգամավոր՝ Սուրեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Շատերի մոտ առկա է բավականին կայուն համոզմունք առ այն, որ քաղաքականության մեջ շատ է անազնվությունը, քաղաքական գործիչները հաճախ խոսում են մի բան, բայց մտածում են այլ բան։ Եվ մեծ հաշվով քաղաքական գործչի զուտ խոսելուց չես կարող հասկանալ, թե նա ազնիվ և բարեխիղճ է, թե հակառակը. կարճ ասած՝ ով ինչ կուզի, կխոսի։

Անկեղծ որ ասեմ, առաջ ես էլ էի այդպես կարծում և անշուշտ կան մարդիկ, ովքեր վստահաբար լինելով անազնիվ սեփական մղումներում, շատ ճարտար խոսում են և մի գուցե կարող են որոշ մարդկանց մոլորեցնել։
Միևնույն ժամանակ, մարդկանց այդ ունակության մասին պատկերացումները միանշանակ ուռճացված են, և եթե ունկնդիրը բավականաչափ ուշադիր է լսում, համադրում է նույն անձի նախկինում ասածները ներկայիս ասածների հետ և հատկապես ուշադիր է լինում խոսողի լեզվամտածողությանը՝ նրան, թե ինչ բառեր է վերջինս օգտագործում իր մտքերն արտահայտելիս, ամեն ինչ պարզ է դառնում։

Պետք է ասեմ սակայն, որ կան շատ ավելի պարզ ցուցիչներ, որոնք շատ հեշտ է տեսնել և հասկանալ, անգամ եթե դուք, ինչպես ընդունված է ասել, «քաղաքականությունից կիլոմետրերով հեռու եք»։
Այդպիսի ցուցիչներից է, օրինակ, հետևյալը․
1. Եթե քաղաքական գործիչն ազնիվ է, նա չպետք է վախենա լրագրողների հետ շփվելուց և հարցերին պատասխանելուց։
2. Հատկապես չպետք է վախենա խոսել այն լրագրողների հետ, որոնք կարող են իրեն անհարմար հարցեր տալ։
3. Պետք է պատրաստ լինի դա անել ուղիղ եթերում, որպեսզի պարզ լինի, որ չեն հանվել (մոնտաժվել) այն հատվածները, որտեղ քաղաքական գործիչը չի կարողացել լավ պատասխանել հարցին։

Հիմա եկեք մի հատ պարզ անալիզ անենք․

Կա երկրի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և երկրի երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, որն իրեն այժմ ընդդիմադիր գործիչ է համարում։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց ի վեր տվել է 7 մեծ մամուլի ասուլիս ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ընդհանուր շուրջ ԵՐԵՍՈՒՆ ժամ տևողությամբ։ Վերջին ասուլիսը կարելի է համարել տրված ուղիղ եթերում՝ որոշակի վերապահումով, քանի որ կորոնավիրուսի պատճառով լրագրողները ներկա չէին, հարցերն ուղարկել էին նախապես։ Մի հատ արտաբերեք էլի այս թվերը՝ 7 ասուլիս, 30 ժամ։
Նշված ասուլիսներից ԲՈԼՈՐԻ ժամանակ հարցեր են հնչել կարելի է ասել ՀՀ-ում քիչ թե շատ հայտնի ԲՈԼՈՐ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, ԱՅԴ ԹՎՈՒՄ այն լրատվամիջոցների կողմից, որոնք հասարակական լայն ընկալման համաձայն նախկին իշխանության և դրանց մերձ կանգնած խմբերի շահերն են սպասարկում։
Ինչքան են եղել այլ ասուլիսներ, կարճ բրֆինգներ, հարցազրույցներ և այլն, էլ չեմ ասում, հաշվել չի լինի։

Մյուս կողմից, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հայտնի քրեական գործով հարցաքննության հրավիրվելուց ի վեր Ռոբերտ Քոչարյանը տվել է 4 հարցազրույց և 1 մամուլի ասուլիս։ 4 հարցազրույցներից 2-ը տվել է «Երկիր Մեդիա» լրատվամիջոցին, 1-ը «Yerevan Today» լրատվամիջոցին և 1-ն էլ «5-րդ ալիք» լրատվամիջոցին։ Իսկ մամուլի ասուլիսին ներկա էին միայն 3 լրատվամիջոց՝ «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա», Հ2»:

Բնականաբար այստեղ ոչ այնքան էական է քանակական կտորը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ որոշակի սահմանափակումներ է ունեցել հարցազրույց տալու, որքան բովանդակային կտորը։

Կարծում եմ անգամ «քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդկանց» ուշադրությունը պետք է գրավի, որ մի քաղաքական գործիչը ոչ մի խնդիր չունի պատասխանել ԲՈԼՈՐ լրատվամիջոցների ԲՈԼՈՐ հարցերին ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ, իսկ մյուս քաղաքական գործիչը միայն ԿՈՆԿՐԵՏ, առնվազն որոշ մարդկանց կողմից որպես նույն քաղաքական գործչին համակրող ընկալվող լրատվամիջոցների հարցերին, ՈՉ ուղիղ եթերում՝ մի ձևաչափում, որտեղ չեն ենթադրվում և, ինչպես տեսնում ենք, չեն տրվում սուր հարցեր։

Իմ համոզմամբ սա գործչի ազնվության/անազնվության փայլուն ցուցիչ է։

Հ․Գ․ Բնականաբար ոչ բոլոր քաղաքական գործիչներն են հաճախ հարցազրույցներ տալիս և լրատվամիջոցներին մերժումները կարող են տարբեր հանգամանքներով պայմանավորված լինել, բայց երկրի ներկա և նախկին ղեկավարների դեպքում իրավիճակն առանձնահատուկ է։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: