ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պարզաբանեց իր վերաբերյալ «Հրապարակ» թերթի միջոցով տարածված տեղեկությունները՝ ընդգծելով, որ բազմաթիվ ներկա ու նախկին քաղաքական գործիչներ, խմբեր, լրատվամիջոցներ հանձնարարություն են ստացել սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իր ղեկավարած «Այո»-ի շտաբին վնասելու, իր անունն ու բարի համբավը մրոտելու համար.

Զրույց

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Friday, February 14, 2020

«Երեկ հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել, որեւէ կերպ փորձել եմ թաքցնել որեւէ տեղեկություն: ՀՀ օրենսդրությամբ, եթե որեւէ դատվածություն մարված է, տվյալ անձը դատված չի համարվում…Խոսքը մեկուկես տասնամյակի վաղեմություն ունեցող հարցի մասին է, որը փորփրելով փորձել են գտնել իմ կյանքի վատ կողմերը: Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում, իմ բախտի կամ ճակատագրի բերումով այդպես է ստացվել: Ծառայության ընթացքում, ինչպես եւ հաճախ լինում է՝ երբ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, լինում են նաեւ որոշ խնդիրներ: ….Իմ ծառայության ընացքում ես աչքի եմ ընկել իբրեւ լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ…Սակայն եղել է մի միջադեպ, երբ իմ ազգային ինքնասիրությանը, պատկերացումներին որեւէ կերպ հարված է հասցվել, եւ ես հայտնվել եմ մի միջադեպում: Ընդ որում տարբեր զենքերի, սուր ծակող- կտրող գործիքների մասին է խոսվում, ես որեւէ նման արարք չեմ արել, իմ արարքը ոչ կանոնադրային հարաբերություններին մասնակցություն է, համաներմամբ ազատ եմ արձակվել, դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա եղել է 13-14 տարի առաջ: Դա կյանքի մի էտապ է, որը ես փակված եմ համարում»,- ներկայացրեց «Այո»-ի շտաբի ղեկավարը՝ կրկին պնդելով, որ որեւէ մեկի նկատմամբ ուժ չի կիրառել, զենք չի գործադրել: Միեւնույն ժամանակ նախարարը չթաքցրեց, որ դա իր կյանքի այն դրվագն է, որը կցանկանար որ եղած չլիներ, բայց յուրաքանչյուրի հետ կարող է պատահել:

Այնուհետեւ նախարարն ասաց, որ այդ ամենից հետո զբաղվել է մանկավարժությամբ, կրկին աչքի ընկել որպես լավ մասնագետ: Քաղաքական գործունեությամբ զբաղվելով, ըստ Պապիկյանի, շարունակել է ծառայել հայրենիքին:

Պապիկյանն իր եթերի ընթացքում նաեւ ընդգծեց, որ իր անձնական կյանքի մսին այդ գաղտնի ինֆորմացիան գաղտնի ինֆորմացիա է, որը ոստիկանության հատուկ բաժնում է պահվում:

«Այսինքն այս ինֆորմացիայի հասանելությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաների եւ տվյալ անձի համաձայնությամբ որեւէ մեկին տրամադրելով: Սա նշանակում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանակ զբաղված լինելին հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց կատարած հանցագործությունները բացահայտելու գործին, զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձեւավորելով: Սա անընդունելի է: Եվ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից: Ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի: Ես դիմում եմ ԱԱԾ պետին, Ոստիկանության պետին եւ խնդրում եմ պազրել, թե ում ձեռքով ու ինչպես է իմ անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իրենց կողմից տարբեր լրատվականների միջոցով իմ անունը մրոտելու առիթ»,- ասաց Պապիկյանը՝ իրավապահ մարմիններին առաջարկելով իր այդ հայտարարությունը դիտարկել որպես դիմում, իսկ ցանկության դեպքում կարող է մոտենալ նաեւ բաժին եւ գրավոր դիմում ներկայացնել:

Ում է ակնարկում Պապիկյանը «պատիվ», «սպա» բառերն օգտագործելով՝ թերեւս կպարզեն իրավապահները: Համացանցում արդեն շրջանառվում են տարբերակներ: