Սեպտեմբերի 2-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը, հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի  ազգային ստորաբաժանումները:

Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում  համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով: Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն 2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին: