Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարաներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դիմել փախուստի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Դատաբժշկի եզրակացությամբ արձանագրվել է՝ Աջակողմյան հեմոսինուս։ Աջ և ձախ այտային աղեղների, աջ հայմորյան խոռոչի հետին բազալ պատի բազմաբեկորային տեղաշարժով կոտրվածքներ։ Աջից ստորին ծնոտի հոդային ելունի և քթոսկրի ձախ կողմնայիյ պատի բերային քիչտեղաշարժով կոտրվածքներ։

Անդրանիկ Հակոբյանը ենթարկվել է վիրահատության։ Այժմ տանն է։

Ոստիկանությունը, դատախազությունը տոտալ անգործություն են հանդես բերում։ Հետաքննիչի կրավորականությունը և գործին հնարավոր մեղմ որակավորում տալու շահագրգռությունը կասկածներ է առաջացնում, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունը և թաքցնել հանցագործության գլխավոր դերակատարին և նրա աջակիցներին։

Տեղեկացնեմ, որ հայտնի են թե այս դաժան հանցագործության կատարողները և թե նրա/նրանց հովանավորները։

Ոստիկանապետին և գլխավոր դատախազին հորդորում եմ ժամ առաջ գործը վերցնել ուշադրության տակ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ գործի բացահայտման և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար։ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքը այս պահին անհրաժեշտ պաշտպանության կարիք ունի և դա մեծապես կապված է այս դեպքի բացահայտումից և հետագա ընթացքից»,–նշել է նա։

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ահազանգի առնչությամբ՝ նրան հորդորելով կատարվածը չտեղափոխել զգացմունքային վերլուծության հարթություն եւ կատարել իրավաբանության հետ աղերս չունեցող եզրահանգումներ։

«Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը ֆեյսբուքյան էջում հրապարակում https://news.am/arm/news/533561.html է կատարել հետեւյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։

Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել սպանության փորձ։

Բացի այդ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ ոստիկանությանը, մեղադրել է անգործության մեջ։

Պարզաբանենք, որ ահազանգը ստանալուն պես ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկել են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ։ Դեպքի վերաբերյալ սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ծեծի ենթարկվածի մորից հաղորդում է ընդունվել, ըստ որի որդու հետ վիճաբանողները երեքն են եղել, իսկ հարվածներ հասցրել է մեկը։ Ի դեպ, ոստիկանության տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալն ու ծեծված տղամարդը վաղեմի ծանոթներ են, նույնիսկ մեկն աշակերտել է մյուսին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս ոստիկանության Մաշտոցի բաժին չի ստացվել։ Ի դեպ, ոստիկանության ծառայողները այցելել են հիվանդանոցում գտնվող տղամարդուն։ Վերջինս կատարվածի վերաբերյալ հաղորդում եւ բացատրություն չի տվել, նույնիսկ բանավոր որեւէ տեղեկություն չի հայտնել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Օգտատերերին հորդորում եմ կատարվածը չտեղափոխել զգացմունքային վերլուծության հարթություն եւ կատարել իրավաբանության հետ աղերս չունեցող եզրահանգումներ, ինչն այս դեպքում, մեղմ ասած, տեղին չէ»,–ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։