«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ուղարկվել է ՊԵԿ
Հայկական ժամանակ օրաթերթ-ը գրում է՝
Օրերս ՀՔԾ-ն հայտարարեց անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցված նոր քրեական գործի մասին: Ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012թթ.-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը, չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում, ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014թթ.-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:
Հիշյալ ժամակահատվածում այդ պաշտոններին եղել է Միքայել Մինասյանը: