Հանրաքվեի օրակարգը կործանիչ է.  մասնակցելու քարոզարշավին. ՀՀԿ հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական եւ հակաժողովրդավարական: ՀՀԿ Գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որեւէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլեւ պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու եւ իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը եւ չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որեւէ ձեւով չմասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետեւանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման եւ տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաեւ թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում: