ArmDaily.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն պաշտոնանկ կարվի։ Անգամ նոր տնօրենի անունն էինք հայտնել՝ Ալեքսեյ Վալերովիչ Մելնիկով, ով երկաթուղային չէ, տնտեսագետ է, Հյուսիս-Կովկասյան երկաթուղու պետի առաջին տեղակալներից մեկը։ Հայտնել էինք նաեւ, որ ուրբաթը օրը եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռի ուշացման հետեւանքով նոր տնօրենը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից ուշացել էր։ Եւ չնայած մենք մեկ շաբաթ է՝ գրում ենք ՀԿԵ նոր տնօրենի նշանակման մասին, սակայն երկաթուղու մամուլի ծառայությունը համառորեն լռում է, որեւէ տեղեկատվություն չի տրամադրում եւ խորհուրդ է տալիս հետեւել պաշտոնական կայքին։ Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց մեր տեղեկատվությունը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական եւ կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ: Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովյան պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովյան տնտեսական համալսարանում: Նա 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղում»: Ինչպես նշեց ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին Մելնիկովին ՀԿԵ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, ընկերության եւ նոր տնօրենի առջեւ դրված է խնդիր շարունակական դարձնել Հայաստանի երկաթուղու զարգացումը: Նրա խոսքով, վերջին տարիներին ՀԿԵ-ն հաղթահարել է 2014-2015 թթ. տնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ գրանցում է զարգացման դինամիկ տեմպեր:

«Ընկերությունը աշխատում է արդյունավետ. արտադրական եւ ֆինանասական ցուցանիշները աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունը աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով» նշեց Վյաչեսլավ Պավլովսկին: Նա նաեւ ընգծեց ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարության ներքո ընկերությունը ցուցաբերել է զարգացման դրական արդյունքներ եւ ապահովել բարձր շահութաբերություն: Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում: