Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը

Այս պահին զոդվում է կամուրջ, որը կկապի գլխավոր տոնածառը Սուրբծննդյան տոնավաճառի ճեմուղու հետ.Հակոբ Կարապետյան (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ հունիսին 6,7 մլն դրամի պարգեւավճար է տրվել, սակայն կարգադրությունը չի տեղադրվել քաղաքապետարանի կայքում։

Դավիթ Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ.-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին.

– «Պարգեւատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։

Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգեւատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է»։

Փաստորեն նոր իշխանություններից պահանջվեց ընդամենը մեկ տարի՝ յուրացնելու փորձված մեթոդները, բայց երեսպաշտնորեն շարունակելու պնդել մեգաթափանցիկության մասին։

Այսպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից հանված նկարից կարող եք տեսնել, որ հունիս ամսվա հրապարակված կարգադրություններում կա մի բացթողում` 538-Ա կարգադրությանը հաջորդում է 541-Ա-ն։ Երկու կարգադրություն չի հրապարակվել։ Չիմացողի համար սա կարող է թվալ ընդամենը տեխնիկական վրիպակ, իսկ մեր հին նորերին լավ ճանաչողները կենթադրեն, որ մի բան այն չէ։ Ասեմ, թե ինչը այն չէ…

Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգեւատրում, որը կարող եք տեսնել իմ կողմից ոչ պաշտոնապես ձեռքբերված երկրորդ նկարում։ Փաստորեն փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն։

Սա է նոր իշխանությունների դիմագիծը՝ եթերով դատարկաբանել, բայց տակից գործել ինչպես հարմար է։ Թե քանի այսպիսի կարգադրություն չի հրապարակվել այս ընթացքում միայն կարելի է ենթադրել։

Հ.Գ. Իմ տեղեկություններով սա ընդամենը եռամսյակային պարգեւատրման բաժինն է այն աշխատակիցներին, ովքեր ցանկացել են պարգեւավճարը ստանալ ամիս առ ամիս։ Ինչպես նախորդ 2.3 միլիոնանոց մեկ հոգուն տրված պարգեւավճարը, այս ցանկում աստղաբաշխական թվեր չկան եւ բուն ֆոնդի կամ տրամադրման մասին ասելիք չունեմ, պարզապես ամոթալի, ոչ թափանցիկ գործելաոճ է, որը բնականաբար չի կարող չվերհանվել իմ կողմից»։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով  Դավիթ Խաժակյանի այս հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր ՉԵՆ ԹԱՔՑՎԵԼ

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն մի բան լավ է յուրացրել՝ պարզ փաստերը ներկայացնել այնպես, որ հանրության որոշակի հատվածի մոտ «սենսացիոն բացահայտման» տպավորություն ստեղծվի: Առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա պրակտիկայից լիքը օրինակներ կարելի է բերել (հիշենք թեկուզ՝ «կամազգեյթ»-ի մեգապղպջակն ու «փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան, ոչ թե Կամազ»՝ այդպես էլ օդում կախված դատարկ պնդումը):

Այսօր էլ պարոն Խաժակյանը նման մի գրառում է արել «Թաքցվել են պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթերը» հնչեղ վերնագրի ներքո:

Հիշեցնելով նախորդ տարվա փետրվարի իմ մի գրառումը, որով հայտնում էի 2017 թվականին տրված 287(!) միլիոն դրամի պարգեւավճարները թաքցնելու մասին, Խաժակյանը «բացահայտում է», որ հուլիսին Yerevan.am պաշտոնական կայքում չի հրապարակվել պարգեւավճարներին վերաբերող 1(մեկ) կարգադրություն։

Մինչդեռ, ընդամենը օրեր առաջ իմ գործընկեր Հովսեփ Կուբատյանը հունիս ամսի կարգադրությունների մի խմբի չհրապարակվելու պատճառների մասին արդեն պարզաբանում տվել է հենց Դավիթ Խաժակյանին, այն է՝ քանի որ արձանագրային բաժնի աշխատակիցների զգալի մասը կորոնավիրուսի վարակի պատճառով բացակայում է, փաստաթղթերի մի ամբողջ տրցակ որոշակի ուշացմամբ է տեղադրվում կայքում (ոչ թե միայն մեկը կամ երկուսը, ինչպես փորձում է ներկայացնել Խաժակյանը): Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը եւ առավելեւս այն, որ պարգեւավճարներին վերաբերող քաղաքապետի ԲՈԼՈՐ կարգադրությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում անխտիր հրապարակվել են, «թաքցնելու» մասին պնդումը անհիմն է»։

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: