Պարգևավճար ստացած Վանեցյանը դեմ է պարգևավճարներին.fip.am

Մայիսի 22-ին հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթի լրագրողների հետ։
Հարցազրույցում, քննադատելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, Վանեցյանը, մասնավորապես, հայտարարել էր․ «Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Արթուր Վանեցյանն ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պարգևավճարներ ստացել է, թե՞ ոչ։
Որքան եկամուտ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը
Այսպես, Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնին է նշանակվելհեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թ․ մայիսի 10-ին։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Վանեցյանը որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ (2018 թ. հունվարից) նշել է 1 մլն 800 հազար դրամ եկամուտ։

Ըստ նույն կայքում տեղադրված՝ արդեն 2018 թ․ տարեկան հայտարարագրի՝ Վանեցյանի տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 904 հազար դրամ։
Այսինքն՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու պահից մինչև տարեվերջ Արթուր Վանեցյանը ստացել է մոտ 7 մլն 50 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին։
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Վանեցյանը նշել էր, որ 2019 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 14 մլն 341 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Սա նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու 16 ամիս և 6 օրվա ընթացքում Վանեցյանը ստացել է 21 մլն 391 հազար դրամաշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։
Որքան աշխատավարձ է ստանում ԱԱԾ տնօրենը
Մինչդեռ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի պաշտոնային դրույքաչափը 12 է։ Որպեսզի հասկանանք, թե որքան է կազմում այս պաշտոնյայի աշխատավարձը, հարկավոր է դրույքաչափը բազմապատկել բազային աշխատավարձի (չշփոթել նվազագույն աշխատավարձի հետ) հետ։
Բազային աշխատավարձը վերջին տարիներին չի փոխվել և ըստ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի՝ 66,140 դրամ է, ըստ այդմ՝ Արթուր Վանեցյանի աշխատավարձը կազմել է 793,680 դրամ, իսկ հարկումից հետո՝ մոտ 605 հազար դրամ։
Ստացվում է, որ շատ մոտավոր հաշվարկներով Վանեցյանն իր պաշտոնավարման 16 ամիս 6 օրվա ընթացքում որպես աշխատավարձ, արձակուրդային վճար և վերջնահաշվարկ ստացել է մոտ 10 մլն դրամ։
Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, Արթուր Վանեցյանի եկամուտները պաշտոնավարման ընթացքում կազմել են 21․4 մլն դրամ (ինչպես նշված էր հայտարարագրերում) կամ՝ 11․4 մլն դրամով ավելի, քան վերջինիս աշխատավարձն է։ Եվ քանի որ հայտարարագրում նշված եկամուտները վերաբերում են ոչ միայն աշխատավարձին, այլ նաև դրան հավասարեցված այլ վճարներին (պարգևատրում, հավելավճար, խրախուսում և այլն), ապա ստացվում է, որ Վանեցյանը ստացել է 11․4 մլն դրամ պարգևավճար կամ հավելավճար։
Այսպիսով, փաստենք, որ Վանեցյանը հարցազրույցում կասկած է հայտնում պարգևավճար ստացող պաշտոնյաների՝ հայրենիքին ծառայելու կարողության կամ նվիրվածության մասին այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ղեկավարելու ժամանակահատվածում որպես պարգևավճար/հավելավճար ստացել է ավելի քան 11 մլն դրամ։
Սևադա Ղազարյան