«ՎԱՐՊԵՏ ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ, ԵՍ ԴՐԱՆՑ….»

«Գիշերով, ցերեկով պիտի մտնեք զորամասեր» հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ զինվորական դատախազներին, վերջինս դրանով իբր թե փորձում է կանխարգելել բանակում զինվորների մահերը:
Այդ պահին տեսնելով Արթուր Դավթյանի դեմքը, նրա միմիկան, ջղաձիգ շարժումները և «անկեղծ» վրդովմունքը անկեղծ ասած ծիծաղս հազիվ զսպեցի:
Ասեմ ի՞նչու:
Արթուր Դավթյանը, որ երկար տարիներ աշխատել է դատախազությունում, իսկ վերջին չորս տարին էլ զբաղեցրել է գլխավոր դատախազի աթոռը, իրեն պահում էր այնպես, որ անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ համոզմունք էր առաջանում, որ նա հենց նոր է իմացել, որ բանակում, խաղաղ պայմաններում, զինվորներ են զոհվում:
Արթուր Դավթյանի այս պահվածքը շատ նման էր այն անեկդոտին, երբ մի հայ հանկարծ (պատահաբար) իմանում է, որ թուրքերը 1915 թվին մեզ կոտորել են, վռազ իրեն գցում է տաքսու մեջ ու շնչակտուր վարորդին ասում է. «Ուստա՛, քշի Թուրքիա, ես դրանց…»:
Չգիտես լաս թե խնդաս:
Այսօր իմ ֆեյսբուքյան ընկերներից Վահե Դիլոյանը մի հետաքրքիր վերլուծություն կատարեց, որից ելնելով էլ կարծում եմ, որ Արթուր Դավթյանը ոչ թե Թուրքիա պետք է գնա այլ Արցախ:
Որովհետև բանակում 43 օրում 10 զոհ տվեցինք այն ժամանակվանից սկսած, երբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019թ-ին բանակում ունեցել ենք զոհերի աննախադեպ ցածր քանակ:
Եթե այս փաստի հետ համադրում ենք Վարչապետի նաև այն հայտարարությունը, որ կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը ապա պատկերը ավելի մտահոգիչ է դառնում:
Իսկ եթե այս երկու փաստին էլ գումարում ենք 1998թ-ի ղարաբաղյան կլանի այն հայտարարությունը, որ եթե Լևոն Տեր Պետրոսյանը հրաժարական չտա և իշխանությունը Քոչարյանին չհանձնի, ապա օրը մի զինվորի դի կուղարկեն Հայաստան, ապա իրավիճակը կդառնա տագնապալի, իսկ իշխանության կտրուկ քայլերը կենսական անհրաժեշտություն:
Ուղղակի ցավոք նաև պետք է արձանագրեմ, որ Արթուր Դավթյանը այն գլխավոր դատախազը չէ, որ կարողանա հակադրվի ղարաբաղյան կլանին, մի պարզ պատճառով, որովհետև նրանցից սերված է և մինչ օրս պահում է կլանին տրված իր երդումը, անկախ օրերս տված իր թատերական ներկայացումից:

Արտակ Գալստյան