ArmDaily.am-ը նոր շարք է սկսել, որը կոչվում է «Առաջին անգամ»։
«Առաջին անգամի» շրջանակներում մենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կպարզենք, թե առաջին անգամ երբ են սիրահարվել, ինչ են գողացել, կաշառվել, թե՝ կաշառել են և այլն…

Մեր առաջին զրուցակիցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն է։

-Առաջին հարցազրույցը։

2002 թվականին էի, այդ ժամանակ 15 տարեկան էի։ Ձայնս դողում էր, բայց պատվով կարողացա ելույթ ունենալ։ Հետո մոտեցան և ասացին, որ ամեն ինչ շատ լավ էր

-Առաջին աշխատավարձը։
Շատ փոքր էի՝ 13 տարեկան էի։ Սպորտում էր էլի, հաղթեցի գոտեմարտում և դրա համար 5000 դրամ գումար ստացա Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ընտրարշավ էր և թեկնածուները սպորտային, մշակութային մրցույթների մասնակիցներին պարգևատրում էին։ Երբ հաղթեցի, այդ 5000 դրամը ստացա, տարա նվիրեցի մայրիկիս և ասացի՝«խնդրում եմ ինքդ քեզ նվեր արա։ Դա սպորտով վաստակած առաջին աշխատավարձս էր, իսկ առհասարակ հայրս ինձ միշտ մղել է, որ աշխատեմ և տարբեր գործերում, երբ նրան օգնում էի, միշտ սիմվոլիկ գումար էր տալիս։

-Առաջին պաշտոնը։
Եթե կարելի է դասարանի ավագը պաշտոն համարել, դա է եղել։ Երևի հայտնին դա Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայում մարզիկների հանձնաժողովի անդամն է։

-Առաջին անգամ սիրահարվելը։
5 տարեկան էի, նրա անունը Հասմիկ էր։

-Առաջնեկին գրկելը:
Աննկարագրելի էին զգացողությունները։ Բառերով դա անհնար է ասել, յուրաքանչյուրը դա պետք է զգա։

-Առաջին անգամ համբուրվելը։
Էլի փոքր էի։ Չեմ հիշի նրա անունը, երևի 9-10 տարեկան էի, ճամբարում էինք։

-Առաջին ապտակը ստանալը կամ առաջին անգամ ապտակելը։
Հայրս առհասարակ խիստ է եղել իմ նկատմամբ, ես էլ չարաճճի եմ եղել և երբ մի քանի անգամ զգուշացնելուց հետո էլի շարունակում էի չարաճճիություններս, եղել է, որ ապտակել է և բավականին կոպիտ։Ովքեր տեսել են, զարմացել են, թե ինչպես լուրջ վնասվածքներ չեմ ստացել։Երևի հիմա ինչ կամ, այդ խստության հետևանքն է։
Ինչ վերաբերում է իմ ապտակելուն, ապա դրան փոքր ժամանակ երեխայական են եղելՇատ էր սրտիս դարդ եղել, երբ դպրոցում երրորդ դասարանում անհիմն բանից վիճաբանություն եղավ դասընկերուհուս հետ , նա շատ կոպիտ արտահայտվեց, ես էլ հրեցի նրան, բայց դա շատ ծանր տարա ես։

-Առաջին անգամ կաշառելը և կաշառվելը։
Երբեք չի եղել, որ կաշառվեմ։ Դրամական կաշառք երբեք չեմ տվել, բայց եթե կարելի է նվերը կաշառք համարել, ապա դա իմ կողմից եղել է պարզապես շնորհակալության քայլ։ Հաճախ խնդրում եմ, որ ուրիշն իմ կողմից այդ նվերը տա, որպեսզի կաշառք չդիտվի։Երկար ժամանակ եմ ապրել Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, որտեղ նվերը շատ սիմվոլիկ է։ Այնտեղ կարող են մանդարին, ձեռքի թխած հաց նվիրել և ես միշտ այդպես եմ անում, որպեսզի դա կաշառք չդիտվի։ Սիրում եմ խմիչք նվիրել։

-Առաջին անգամ գողանալը
Փոքր ժամանակ համադասարանցիներով ուտելիքներ էինք գողանում։ Երբ փոքր էինք, թիմի ընկերներով զվարճանում էինք այգում և գողություն անում։ Գնում էինք այգիներ միրգ «գողանալու» ։

-Ամենատպավորիչ առաջին անգամը:
Առաջին անգամ համբուրվելը, առաջնեկի լույս աշխարհ գալը, կնոջս ձեռք բռնելը, սպորտում չեմպիոնական հաղթանակները, շատ կան, իրականում կյանքումս շատ կան տպավորիչ առաջին անգամներ։