«Գրում են, թե սորոսից ենք. փող են տվել, որ դավաճանենք ազգային արժեքները». Գրիգ

Բանասեր, արձակագիր Գրիգը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ չունես համայնք Ամեն կերպ փորձում էի լուռ մնալ, գործ անել, բայց չի ստացվում, թույլ չեն տալիս. ՀԱՅ գրականության չափորոշիչ կազմող խմբի անդամներից մեկն էլ ես եմ, վեց մարդուց մեկը: Գրում են, թե սորոսից ենք, թե ով գիտի ինչքան փող են տվել, որ դավաճանել ենք ազգային արժեքները, որ մեզ վառել է պետք ու վառելու են, իսկ մենք ի՞նչ ենք արել, այդ ի՞նչ անդառնալի մեղք ենք գործել: Միջին դպրոցի գրականության ցանկն այս պահին դրված է ԿԳՄՍ նախարարության էջում, պարզաբանման մեջ գրված է, որ Մաշտոցը, Կորյունը, Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փարպեցին, Բուզանդը, Խորենացին, Շնորհալին, Ֆրիկը, Քուչակը, Սայաթ-Նովան և մյուսները ցանկում են, ոչ ոք չի գժվել, որ նրանց հանի, ոչ ոք չի գժվել…: Առաջին տարբերակը, իրոք, թյուրըմբռնման առիթ կարող էր դառնալ և դարձավ, սակայն պարզաբանումից հետո էլ ինձ ուզում են այրել, ասում են, որ ես Նարեկացուն հանել, իմ գիրքն եմ դրել, ես ամաչում եմ, սարսափելի ամաչում եմ, որ իմ պատմվածքը (գրքի մասին խոսելը լրիվ աբսուրդ է, պարզապես նույն վերնագիրն ունեն) կա ցանկում, ես չեմ եղել որոշողը, բայց կարևոր չի, ես մեղավոր եմ…: Թույլ եմ գտնվել, չեմ կարողացել պնդել ինչպես հարկն է, որ հանվի, մեղավոր եմ…

Կարծել եմ, որ ժամանակակից գրականությունը հետաքրքիր է, որ աշակերտը կարող է կարդալ այն, բայց որոշ գրողների նամակներից հասկանում եմ, որ մեղավոր եմ: Ժամանակակից գրողների գործերը հիմնական ցանկում չեն, ընտրության հնարավորություն կա, պարզաբանման մեջ երևում է, բայց նորից անտեսում են, ու մեղավոր եմ…: Կին գրողները քիչ են, ինչքան կարողացել եմ, ավելացրել եմ ու ավելացնում եմ, մեղավոր եմ…: Գրողների մի մասը հալածվում է իմ պատճառով, մեղավոր եմ…: Ժանրային բաժանմամբ եմ տարանջատել գրողներին, որի ներսում ժամանակային հերթականությունը պահվում է, գրականագետների գրառումներից հասկանում եմ՝ մեղավոր եմ…: Գրականագիտական «ինչ-որ անհասկանալի գործիքներ» եմ թվարկել, որոնք բնավ էլ աշակերտին գրականագետ դարձնելու միտում չեն հետապնդում, դրանց պարզեցման և կիրառման փորձն էլ կա, բայց չեն խաղաղվում, մեղավոր եմ…: Սա հանրային քննարկում է, ոչ թե հանրային «սամասուդ», ինձ թիրախավորող գրականագետներից ոչ ոք նամակ չի գրել նախարարության պաշտոնական էջում գրված էլեկտրոնային փոստին, որը հենց դիտողությունների և առաջարկությունների համար է, եթե գրեիք ու անպատասխան մնար, կհասկանայի, բայց չեմ հասկանում ու մեղավոր եմ…:

Ես ոչ մի կազմակերպության անդամ չեմ, տեսել եմ հայտարարությունը, գնացել եմ հարցազրույցի ու ընդունել են աշխատանքի…: Այս գործի համար մոտ տասը ամսվա ընթացքում ստացել եմ 484 000 ՀՀ դրամ…: Ժամանակակից գրողներ ու գրականագետներ, ես կարծում էի՝ իմ համայնքն եք, բայց պարզվեց՝ մեղավոր եմ…: Նարեկացու անունն եք տալիս ու մարդ եք ոչնչացնում, մեղավոր եմ…: Իմ աչքն ուղղված է աշակերտին, ու ես գիտեմ, որ մեղավոր չեմ»:

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: