Դու մեզ, հարյուրհազարավորներիս համար` երկիրը ասպատակած ելուզակ և հոկտեմբերի 27 ու մարտի 1 կազմակերպած գլխավոր գործող անձ ես. Ալեքսանդր Սայադյան

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
/Քոչարյան Ռոբերտին/
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Մոտ մեկ տարի է, ինչ լավ վճարվող և հանուն այդ վճարի արդարադատության կայանալուն իրենց, իբր դատաիրավական քայլերով խոչնդոտող պաշտպաններիդ հետ ձգձգում եք դատական պրոցեսը։ Հասկանալի է, քեզ սարսափեցնում է ճաղերի ետևում հայտնվելու աննախանձելի ապագան։ Բայց խոսքը հիմա այդ մասին չէ։ Մենք էլ, դու էլ շատ լավ գիտենք քո արածն ու չարածը, որի` մեր և քո գնահատականները տրամագծորեն հակառակ են։ Դու քո և քո մի քանի տասնյակ, ինչպես ինքդ ես անվանում, թիմակիցների աչքում հերոս ես, իսկ մեզ, հարյուրհազարավորների համար` երկիրը ասպատակած ելուզակ և հոկտեմբերի 27 ու մարտի 1 կազմակերպած գլխավոր գործող անձ։ Անհնար է պատկերացնել, թե տեխնիկական առաջընթացի մեր օրերում քեզ անհասանելի են ԶԼՄ-ներում քո «գործունեության» մասին եղած տեղեկություններն ու ժողովրդի «դրական» կարծիքը։ Եթե հանկարծ, անհավատալիորեն «անտեղյակ» ես, հիմա ազատության մեջ ես, թեկուզ ընդամենը մի քանի ժամով մտիր ֆեյսբուք ու տես, ինչ է մտածում ժողովուրդը քո մասին։ Եվ եթե դրանից հետո էլ քո մեջ չվերանա սեփական անձդ քաղաքական միավոր ու գործոն համարելու անսանձ ցանկությունդ և մեծամտորեն քեզ փրկիչի դերում պատկերացնելը, նշանակում է առողջական վիճակդ շատ ավելի վատ է, քան մենք ենք պատկերացնում։ Դա կնշանակի անշուշտ, որ գլխի հետ կապված անբուժելի խնդիրներ ունեն նաև «թիմակիցներդ» և ճիշտ կլինի, եթե պետությունից կլպած քո փողերով մի մեծ «Հիվանդասենյակ N 6» կառուցես։ Գոնե դրանով ժառանգներիդ շանս կտաս ասելու, որ ինչ-որ մի օգտակար բան ես արել։
Թե չէ քեզ լսողը կմտածի, որ երկնքից իջած, ոտքերդ ամպոտ անմեղ հրեշտակ ես և 80 հատորանոց գործն էլ իսկապես «կարած»է։ Կամ էլ` ոնց որ կասեր ստեղծածդ ԲՀԿ-ին «նայողը», «շինծու»։ Վաղուց պիտի հասկացած լինեիր, որ որպես քաղաքական միավոր, այլևս չկաս ու էլ երբեք չես լինի։
Դատավարական պրոցեսն էլ պաշտպաններիդ հետ մանիպուլյացիաներով մի ձգձգիր։ Այ, այդ ժամանակ դու կհայտնվես քո իսկական տեղում, մեր պետությունն էլ կգնա իր ժողովրդի ընտրած ճանապարհով։ Ազատ ու անկաշկանդ քայլերով…

Մեկնաբանել

Կայքն օգտագործում է թխուկներ: