Հայկական Ժամանակը գրում է.

Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի, հնարավոր է՝ մեկ տարի անցումային շրջան տրվի ծննդատանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծննդատների փակման մասին հարցին։

Նա նշեց, որ այս որոշմանը հանգել են վերջին օրերի քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով այն, որ Եղվարդի ծննդատանը գրանցված ծնունդների թիվը մոտ է կառավարության սահմանած մինիմալ թվին՝ տարեկան 150 ծնունդ։ Եղվարդի ծննդատանը նախորդ տարի գրանցվել է 136 ծնունդ։

Թորոսյանը խնդրեց «փակել» բառը չօգտագործել՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում. «Կարող եմ ասել, որ այս բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների վրա աշխատող աշխատակիցների մի մասը համատեղությամբ այլ ծառայություն է մատուցում նույն հաստատությունում, եւ մենք պատրաստ ենք այն աշխատողներին, որոնք որ չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորման հարցը»,- ասաց նա:

«Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում, այնպիսի ծառայությունների հասանելիությունն ենք կրճատում, որն ամենօրյա է: Հակառակը՝ կոնսուլտացիոն եւ առաջնային ծառայությունները պահպանվելու են և ավելի են զարգանալու, իսկ այդ նշածս բուժհաստատությունների որոշ բաժանմունքներ դադարելու են ստացիոնար բուժօգնություն մատուցել»,- ասաց նախարարը:

Հարցին՝ եթե չեն փակվելու, եւ որոշ ծառայություններ դադարելու են գործել, ապա ո՞րն է այդ ծառայությունների այլընտրանքը, Թորոսյանը պատասխանեց. «Այլընտրանքը լինելու է մոտակա ավելի բարձր մակարդակ ունեցող ծառայությունների գործարկումը: Այն տեղերում է այս որոշումը կայացվել, որտեղ այդ ծառայությունները ե՛ւ հասանելի են, ե՛ւ լավն են: Դրանց հեռավորությունն սկսվում է 10 կմ-ից մինչեւ 20-30 կմ, ոչ ավելի»: