Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն անդրադարձել է միջազգային քաղաքական օրակարգի ամենաթեժ թեմային՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրմանը:

Դերասանը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոլի քննադատներից է, համապատասխան գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Հարգելի Twitter, հենց այս պահին ճիշտ կլիներ արգելափակել Թրամփի հաշիվը, քանի դեռ նա ձեր կայքով համաշխարհային պատերազմ չի սկսել»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հունվարի 3-ին Իրաքում սպանել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:

Նախագահ Թրամփը, մեկնաբանելով հրթիռակոծումը, ասել է, որ «հետևում է իրավիճակին, և որ ամեն ինչ կարգին է»: