2020 թ. պետբյուջեով աղետի գոտուն կհատկացվի 3 մլրդ դրամ, որով կլուծվի 226 ընտանիքի բնակարանային խնդիրը: Այդպիսով, ամբողջությամբ կավարտվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների պետական աջակցության ծրագիրը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11.41-ին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:
31 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան մնաց 514 հազար մարդ: Բնական աղետը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, մոտ 20 հազար վիրավոր: Զոհերը հատկապես շատ էին Գյումրիում՝ մոտ 15-17 հազար և Սպիտակում՝ 4 հազար մարդ:
Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, մեծ վնաս հասցվեց գործարաններին, պատմական հուշարձաններին:
Երկրաշարժից հետո Ռուսաստանից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։

Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ՝ մեր երկիր տեղափոխելով դեղորայք, սննդամթերք, վրաններ և այլն:

2019-ին պետությունն աղետի գոտու վերականգնման համար հատկացրեց 560 մլն դրամ, կառուցվեց 44 տուն:

2020 թ. պետբյուջեով աղետի գոտուն կհատկացվի 3 մլրդ դրամ, որով կլուծվի 226 ընտանիքի բնակարանային խնդիրը: Այդպիսով, ամբողջությամբ կավարտվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների պետական աջակցության ծրագիրը: