Պարտիզանական պայքարի վերաբերյալ հայտարարությունները ցնցել են շատերիս: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության (ՆԱՈՒՄ) անունից տարածված նամակին, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ-ն հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով եւ, ի թիվս այլ հարցերի, որոշել է, որ ՀՅԴ-ն պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին։ «Պարտիզանական «ջոկատների» վերաբերյալ հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս։ Նման բաց տեքստով նման հանձնարարականներն առնվազն տարակուսանք են առաջացնում: Այն առանձին անձինք, որոնք արատավորում են ՀՅԴ-ի անունը, հենց ՀՅԴ-ն ինքը ներսից պետք է միջոցներ ձեռնարկի՝ նման դրսեւորումները, նման երեւույթները կանխելու համար եւ թույլ չտալու հակապետական գործունեություն ծավալել պետության դեմ»,- ասաց Մակունցը: Դիտարկմանը, որ, ըստ տեղեկությունների, Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ գաղտնի ժողովում նման հայտարարություն արել, Մակունցն իրե՞ն է համարում հակապետական գործիչ, վերջինս արձագանքեց. «Ես համարում եմ, որ բոլոր հայտարարությունները, որոնք միտված են հակապետական գործողությունների, այդ հայտարարություններն անող անձինք հակապետական գործիչներ են»: Մակունցի համոզմամբ՝ իրավապահ մարմինները եւ Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկեն եւ անհրաժեշտ բոլոր գործողությունները կանեն: «Այլ հարց է, որ այստեղ ավելի շատ նաեւ «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է եւ նսեմացումը: Իսկ ՀՅԴ-ում՝ հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ բավականին ազնիվ եւ պարկեշտ անձինք կան»,- ասաց Մակունցը: