Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել են 18 ապօրինի կրպակներ ու տաղավարներ: Բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների ստորաբաժանումների աշխատանքներն ամենօրյա են: 

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսավարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն Աժ-ում է:

«Չնայած օրենքում առկա բացերին՝ այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի, շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր, այսինքն՝ մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում, իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,- նշել է քաղաքապետ Մարությանը: