ՀՀ ՊՆ-ն «Պրոմտեխնոլոգիա» ընկերության հետ, որը ORSIS-ի գլխավոր ընկերությունն է՝ որևէ խնդիր չունի, այդ ընկերության հետ հայկական կողմը շարունակում է բազմապրոֆիլ աշխատել, չնայած ORSIS-ի հետ ունեցած խնդիրներին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա էր պատրաստվում ուղարկել՝ զենքի մրցույթի ձախողման պատճառով, որին մասնակցել է ռուսական
ORSIS-ը։ 

Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության հայկական ներկայացուցչությունը՝ ORSIS-ARMS-ը, տենդեռի իրականացման առաջին փուլում փաստաթղթային խախտումներ է թույլ տվել։ «Իրենք պետք է հիմնավորեին գործարքի նմանաբնույթ սարքավորումների մատակարարման փորձը։ Դա ՀՀ գնումների օրենքի պահանջ է, բայց ընկերությունը չի կարողացել դա ապահովել։ Օրենքը պահանջում է նույնատիպ սարքավորման՝ այս դեպքում տենդեռը եղել է գիշերային ջերմատեսիլ նշանոցների մատակարման մասով, ընկերությունը ըստ ՀՀ օրենքի պարտավոր է, նմանատիպ սարքավորման մատակարարման պայմանագիր ներկայացնել՝ մեր հետ կնքված պայմանգրի 30-50 տոկոսի չափով»,-ասաց Հովհաննիսյանը։ 

«Պրոմտեխնոլոգիա» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընկերությունը ներկայացրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ անգամ այնպիսիք, որոնք երրորդ երկրի պետական գաղտնիք են պարունակել։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք ներկայացրել են, ոչ թե ջերմատեսիլի պայմանագրեր, այլ ընդհանուր ապրանքատեսանկերի մասով պայմանագրեր։ «Եթե «Պրոմտեխնոլոգիան» արտադրում է, ասենք օրինակ՝ կոշիկ կամ փամփուշտ և ներկրել է դրանք ,օրինակ, Ուզբեկստան, կամ որևէ այլ երկիր՝ տասնյակ ավելի մեծ ֆինանսական պայմանագրերով՝ դա չի նշանակում, որ իրենք կատարել են օրենքի պահանջը։ Մենք գիտենք, որ ընկերությունը պետք է ավելի թանկ գնով հրացան մատակարարի մեկ այլ պետությանը, կամ անգամ Հայաստանի Հանրապետությանը, բայց դա հիմք չէ ջերմատեսիլի մրցույթի համար»,-ընդգծեց ՊՆ խոսնակը։ 

Միաժամանակ, ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշել էր, որ ընկերությունը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում ամենախոշոր ընկերությունն է։ ««Պրոմտեխնոլոգիայի» ծավալների և ազդեցության մասին փաստաբանի հաղորդած տեղեկատվությունը, սակայն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ընկերությունը համար առաջինը չէ ոչ մի պրոֆիլային արտադրության մեջ, մարդկանց պետք չէ թյուրիմացության մեջ գցել։ Երբ փաստաբանը պնդում է, որ «Պրոմտեխնոլոգիան միակն է ամբողջ ԱՊՀ տարածքում, որ արտադրում է նման ապրանքատեսակ, դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Խոսքը «Դետալ» ընկերության մասին, է, որը նույնպես ներկայացնում է «Պրոմտեխնոլոգիան», սակայն այն ԱՊՀ տարածքում «Դետալին» հավասարազոր ընկերություն է «Պուլսար» ընկերությունը և միաժամանակ գործում է ևս մեկ ընկերություն, որը «Դետալից» ու «Պուլսարից» մի քանի գլուխ բարձր ընկերություն է։ ՊՆ-ն տարբեր ժամանակներում աշխատել է բոլոր այս ընկերությունների հետ։ Բացի այդ՝ տենդեռը չկայանալու մասին տեղեկատվությունը հանրայնացրել է ոչ թե հայկական կողմը, այլ ռուսական։ Եկեք ազնվորեն մի բան փաստենք. այդ տենդեռի չկայանալու մասին առաջին լուրը մամուլ հայտնել է ռուսաստանյան աղբյուր, ռուսաստանյան լրատվամիջոց՝ «Պրոմտեխնոլոգիայի» կամ ORSIS-ARMS-ի արտահոսքի հիման վրա։ Հայկական կողմը դրանում շահագրգռված չի եղել։ Այսինքն, հայկական կողմը եղել է պատասխանողի դերում։ Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները այդ թեմայով հետաքրքրված են, ի վերջո՝ խոսքը 2 մլրդի պայմանագրի և անվտանգության մասին է, սակայն մենք իրականում չէինք ուզենա լրատվական կռիվ սարքել այս թեմայի շուրջ, մենք շահագրգռված չենք դրանում»,-ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են՝ գործարքի խափանման շուրջ կոռուպցիոն դրսևորումներ լինեն, քանի որ քրեական գործ է հարուցված՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ցանկացած առանձին պաշտոնատար անձի կողմից կատարված քայլերը իրավապահ համակարգի գործառույթներն են։ «Եթե հատկապես կա քրեական գործ՝ թող իրավապահները պարզեն՝ որ պաշտոնյան, ինչ շահագրգռվածություն, թերացում է թույլ տվել։ Ավելին, ՊՆ-ն այսօր կոնկրետ որևէ մեկի հետ խնդիր չունի»։

Ինչ վերաբերում է ապրանքատեսակի որակին՝ խոսնակն ընդգծեց, որ դրա մասին բարձրաձայնել է տենդեռի մասնակից մեկ այլ ընկերություն։ Վերջինիս բողոքի հիման վրա տվյալ սարքավորման տեխնիկական բնութագրի և սարքավորման հնարավորությունների առանձին ուսումնասիրություն է կատարվել։ «Այստեղ ևս որոշակի խախտումներ են հայտնաբերեվել։ Ընկերության ներկայացուցիչների պնդումը, թե ORSIS-ARMS-ը միակ ընկերությունն է եղել, որ մասնակցել է մրցույթին՝ իրականությանը չի համապատասխանում, մրցույթին մասնակցել է 3 ընկերություն։ ORSIS-ը զբաղեցրել է առաջին տեղը, սակայն որպեսզի թյուրիմացություն չառաջանա՝ փաստենք, որ պարտադիր չէ, որ առաջին տեղը գրաված ընկերությունը հաղթող ճանաչվի։ Ըստ օրենքի մրցույթի առաջին տեղ գրավելը և հաղթող ճանաչվելը՝ տարբեր բաներ են։ Առաջին տեղը զբաղեցնողը պետք է անցնի նաև փաստաթղթային հիմնավորման փուլերը, ինչը ընկերությունը չի կարողացել անել»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մրցույթին հայտարագրվել է 3-4 ընկերություն, որոնք հիմնականում ռուսական արտադրողների հետ են աշխատում։ 

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խնդիրը կարգավորելու համար «Պրոմտեխնոլոգիան» նամակ է գրել ՊՆ-ին՝ հանդիպում խնդրելով։ Հայկական կողմը դեմ չի եղել հանդիպման, մասնագետների հետ հարցի քննարկման։ «Իհարկե ոչ ամենաբարձր մակարդակով, սակայն մասնագետների հանդիպում պետք է տեղի ունենար մինչև նոյեմբերի 7-ը։ Հանդիպումը սակայն ինչ-ինչ պատճատով չի կայացել։ Ենթադրում եմ, որ հանդիպումը չի կայացել, քանի որ իրենք այլ ֆորմատով հանդիպում էին ուզում»,- ասաց նա։ Անդրադառնալով ռուսական կողմից Հայաստան նոտա հղելուն՝ Հովհաննիսյանն ասաց, որ իրականում նոտա չի եղել ու չի էլ կարող լինել, քանի որ սա այն թեման չէ։ «Անունը նոտա դնելով և արտահոսք տալով մամուլում, գնում են սրացման, փոխանակ գնային խնդրի կարգավորման»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը։