«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հեռանում է «Արմենիա»-ից և վերադառնում է հայրենի Գյումրի: Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մանրամասնել էիր որոշման մասին: Մխիթարյանը, մասնավորապես, գրել է.

«Իմ կյանքի հեռուստատեսային էջը ես իմ համար թերթում եմ…»

ԾԱՆՈՒՑՈՒՄ-ՀՐԱԺԵՇՏ:

Հարգելի ընկերներ: Այս տարի լրացավ իմ մասնագիտական գործունեության 20 տարին մի բնագավառում, որտեղ ես իմ աշխատանքը սկսել եմ 1999 թ-նին որպես սովորական սցենարիստ, իսկ արդեն 2012 թ-նին նշանակվել եմ հայկական մեդիատիրույթի լավագույն հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր: Երկու տասնամյակից ավել, Գյումրիի «պոլիտեխնիկի КВН»-ի թիմի ավագից սկսած մինչև Արմենիա ՀԸ գլխավոր պրոդյուսեր անցած ճանապարհս չի եղել «պապայիս հարթած»ը, «քեռուս փողերով»ը կամ «քավորիս լավ ծանոթների» կողմից ապահովվածը: Երբեմն վայրէջքները այնքան չոր էին, որ թվում էր, թե ինքնաթիռը չի դիմանա: Բայց դիմացավ…

Սիրելի գործընկերներ: Ես այսօր հեռանում եմ իմ սիրելի հեռուստաալիքից, որտեղ անցկացրել եմ մասնագիտական կյանքիս լավագույն 7 տարիները: Գիտեմ, որ ոչ թե շատերիդ, այլ բոլորիդ համար այս լուրը անսպասելի է: Գիտեմ, որ մեր հեռուստաալիքի պատերից դուրս բազմաթիվ բամբասանքների տեղիք է տալու: Դա ինձ չի հետաքրքրում: Ինձ դաստիարակողների գլխավոր պատգամներից մեկը այն էր, որ տղամարդը վեր պետք է լինի ամեն տեսակ բամբասանքներից: Միանգամից ասում եմ բոլոր լրատվամիջոցների համար, որ ինձ չեն հեռացրել, կամ չեն խնդրել հեռանալ: Դա իմ որոշումն է, որին ես եկել եմ վերջին 3 տարիների ընթացքում: Սրանից ավել ոչ մի այլ մեկնաբանություն չի լինելու, նախապես շնորհակալ եմ, որ Ձեր մասնագիտական ժամանակը այս հարցի վրա չեք վատնի:

Եվ այսպես, ես հեռանում եմ: Որոշումս վաղուց էր հասունացել: Պատճառները երկուսն են:

Առաջին. հեռուստատեսությունը իմ ԵՐԿՐՈՐԴ սերն ու տարերքն է, որտեղ ես հասել եմ առավելագույն արդյունքների և ձեռք եմ բերել այնպիսի կառավարչական հմտություններ, որ դրանից ավելը արդեն ուղղակի գոյություն չունի (ուշադրություն. էս հատվածը գրերգը իմ գյումրեցի լոպազ տեսակս)):

Երկրորդ. ես վերադառնում եմ իմ ԱՌԱՋԻՆ սիրո ու տարերքի մոտ: Վերադառնում եմ ԳՅՈՒՄՐԻ: Այս պարբերության մասին` քիչ հետո, մի հեռացեք էկրանների մոտից:)))

Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում սովորեցրել են ինձ արդար ապրել և ազնիվ աշխատել: Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ: Այն ինչ ես կամ, այն ինչ դարձել եմ, դարձել եմ Ձեր անմիջական օգնությամբ: Ես շնորհակալ եմ «Շարմ» ընկերությանը, «Ցայգ», «Շանթ», «Շիրակ», Հանրային, «Հայ TV»-ի, «12 TV» ՀԸ-ներին, , որտեղ ես խելակորույս սիրահարվեցի «հեռուստատեսություն» ասվածին և հասկացա այն մուտքից մինչև «ռելեյկապեռեդատչիկ» ու բյուջեի արդյունավետ կառավարում: Շնորհակալ եմ իմ երկրորդ տանը` Արմենիա TV-ին, որը շենք չէ, տարբերանշան չէ, վարկանիշային շոու չէ, այլ ՄԱՐԴԻԿ ԵՆ: Մարդիկ, ում ես սիրում եմ ու սիրելու եմ միշտ: Մենք միասին հայկական հեռուստատեսությունը մխրճեցինք 21-րդ դար և այնպիսի նորարարական լուծումներ ու կոնտենտ ստեղծեցինք, որ կբավարարեր միանգամից մի քանի հեռուստաալիքի: Ապրենք ՄԵՆՔ: Կներեք ինձ, եթե չեմ կարողացել Ձեր համար լինել Ձեր պատկերացրած ղեկավարը: Ես անթերի չեմ, անկախ նրանից, որ գյումրեցի եմ (այստեղ էլի էն լոպազը արթնացավ)): Կներեք ավել-պակասի համար, եթե նույնիսկ խիստ եմ վարվել շատ դեպքերում, վստահ եմ, որ արդար եմ գործել: Դուք ամենալավն եք, ամենաուժեղը, Դուք ԻՄՆ եք: Վաղվանից մենք էլ չենք հանդիպի ոչ նկարահանման հրապարակում, ոչ ժողովներին, ոչ էլ Ջազզվեյում: Ես Ձեզ սիրում եմ: Մնացեք բարյավ և համեցեք Գյումրի: Այսուհետ մեր հանդիպման վայրը մեծամասամբ այնտեղ է լինելու: Իմ կյանքի հեռուստատեսային էջը ես իմ համար թերթում եմ: Չնայած, գուցե մի օր…))) Կգամ, բայց զուտ որպես հյուր, հուսով եմ սպասված:

Շնորհակալ եմ Դավիթ Բաբախանյանին, ում հետ 7 տարի քայլել ենք կողք կողքի Արմենիա ՀԸ մուտքից, մինչև հայկական հեռուստատեսային աշխարհի միանձնյա առաջատարի դիրք: Շնորհակալ եմ Արմեն Արզումանյանին, ով ինձ սովորեցրել է ոչ միայն համբերատարություն, այլ նաև խնդիրներին մոտենալ բազմակողմանի և խորանալ մինչև վերջ: Շնորհակալ եմ Արթուր Ջանիբեկյանին, ով իմ համար մարդու այն օրինակն է, որի արյան մեջ հոսում ու խոսում է նվիրյալ հայությունը: Արթուր, քո տեսակը իրոք մեզ ու մեր երկրին շատ է պետք: Պարոնայք, իմ համար պատիվ էր Ձեր հետ աշխատելը: Կրկնակի պատիվ է Ձեր ընկերը լինելը: Ուզած, թե չուզած, արդեն ավելի հաճախ եք գալու Գյումրի:))

Իհարկե շնորհակալ եմ նաև իմ լավագույն ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ, ով ինձ այս տարիների ընթացքում, իր օրինակով, սովորեցրել է, թե ինչպես է պետք սիրել ու հոգալ սեփական հողի ու երկրի մասին ու ինչպես է պետք առաջ նայել:

Այո: Ես վերադառնում եմ Գյումրի: Վերադառնում եմ ապրելու և աշխատելու, քանզի այնպես չէ, որ ամիսներով քաղաքումս չեմ եղել: Վերադառնում եմ, որովհետև ժամանակն է վերադառնալ: Ես կատարում եմ նաև օղորմաձիկ տատիս` Էմմային տրված խոստումը, որ հաստատ հետ եմ գալու: «Քա օղուլ, ձեզի պես իսանները էս քաղքին համ ու հոդ, շենք ու շնորհք, յոլ ու ղայդա կուդան: Դուք էլ օր թողնիք կերթաք, ըշտը մենք էլ քաղքի դարբասները փագենք, սպասենք, թե Գաբրելը, եբ բդի կանչէ վերև»: Էմիկ ջան, մամիգ ջան, հեդ գուկամ, քաղքի դարբասներն էլ ինչխոր ընգերներս ու ախպերներս լեռթին բաց են պահել ու ապահով, էգուցվանից ես էլ կանցնիմ պոստի… Ես վերադառնում եմ իմ ծննդավայր, որպեսզի վերահաստատեմ, թե ԻՆՉՔԱՆ եմ սիրում Գյումրին, որպեսզի պատմեմ, թե ԻՆՉՈՒ եմ սիրում Գյումրին, որպեսզի ցուցադրեմ, թե ԻՆՉՊԵՍ Է պետք սիրել Գյումրին: Ես վերադառնում եմ ՔԱՂԱՔ ուժերիս լավագույն շրջանում, այլ ոչ թե ծերությունս անցկացնելու: Վերադառնում եմ կառուցելու այն տունը, որտեղ ԱՊՐԵԼՈՒ են իմ սերունդները, այլ ոչ թե սգալու են իմ անժամանակ կամ ժամանակավրեպ մահը: Վերադառնում եմ ներդնելու հալալ քրտինքով աշխատած գումարներս իմ ՔԱՂԱՔՈՒՄ եվ Ձեր աչքի առաջ ԳՈՐԾ եմ ստեղծելու, որը լինելու է ոչ թե լոզունգային, փիառային ու հաշվենկատ, այլ ԻՐԱԿԱՆ, ԱՇԽԱՏՈՂ և ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ բազմաթիվ մարդկանց համար: Ես անձամբ, ամեն օր, քայլ առ քայլ Ձեզ ցուցադրելու եմ, որ ԼԱՎ կյանք ունենալու և ապրելու համար կա մեկ, դարերով փորձված միջոց: ԱՇԽԱՏԱՆՔԸ: Ոչ թե կոչերը` այլ աշխատանքը: Ոչ թե խոսքերը` այլ աշխատանքը: Ոչ թե «ստատուսները, քեռի-քավորները, Ամերիկայի բարեկամները, գրանտեր-գրանտակերները, նրանց այդպիսին համարողները, հեղափոխականները, հակահեղափոխական դիշովկաները, լեվոնառոբասերժանիկոլականները, սևսպիտակները, Լավրովի մորական կողմը, Քարդաշյանի բարեմասնությունները», այլ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Ես վերադառնում եմ գիտելիքներիս ամբողջ պաշարը ներդնելու ՔԱՂԱՔԻՍ համար: Վստահ եմ, որ ստացվելու է: Վստահ եմ, որ հաջողելու եմ/ենք, քանի-որ Գյումրին արժանի է, որ այնտեղ ապրես քո լավագույն տարիները, մնում է, որ մենք արժանի լինենք Գյումրիին:

Ես տուն կերթամ: Սորից հեդո կհանդըբինք Ավզընոցից մինչև 58, Թուրքի մայլից մինչև Պալիգոն, Սլաբոդկից մինչև Տեքստիլ, Փափախանից մինչև Գծի յեդեվ, Բուլվառնուց մինչև Սովխոզ, Ստաձյոնից մինչև Վասմոյ, Բոշի մայլից մինչև Կըռուգ, կինո Էրևանից մինչև Ստռոյմաշ, Լենինգռադյանից մինչև Զույգ աղբյուր, Պլպլան ժամից մինչև 7 Վերք, Ձորի մայլից մինչև Ֆանտաններ, Նորավանից մինչև Պիտուշոկ, Կիրովից մինչև Մուշ 2 ընգած միջակայքում: Զատո ներկա Facebook-իս ու Instagram-իս ալիքներն էլ Ձեզի փեշքեշ: Համեցեք, ես Ձեր ղուրբանն էղնիմ:

120 կիլոմետր հեդո սկսվիգը կյանքիս նոր, գուցե ամենակարևոր հատվածը:

Աստված պահապան քաղաքիս, երկրիս ու ազգիս: Առաջ Աստված:

Այս պահից սկսած, Արմենիա ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Մխիթարյան»:

Հոդվածը` Tert.am